Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերով. ՌԴ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Միշուստինը Փաշինյանին առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերով` էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի, տրանսպորտի, դեղագործության և այլ ոլորտներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Իհարկե, մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր համատեղ նախագծերի մեկնարկով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը»,- ասել է Միշուստինը։
Նա նշել է, նախօրեին` Պուտին–Փաշինյան հանդիպմանը մեծածավալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցության ամրապնդման շուրջ` երկու երկրների փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում։
«Ռուսաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ամենաբարձր մակարդակով ընդունված բոլոր այդ որոշումներն իրագործելու համար»,- ասել ՌԴ վարչապետը։
Նա նաև Փաշինյանին առաջարկել է արագացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։
Անդրադառնալով ՌԴ–ի դեմ կիրառված սահմանափակումներին` Միշուստինն այդ համատեքստում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների կիրառման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը
Ապրիլի 20-ին կայացել են ՀՀ վարչապետի հադիպումները նաև Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: