Ռուսաստանը կօգնի Հայաստանին նրա ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում. ՌԴ սենատոր

Վիկտոր Բոնդարև. Արխիվային լուսանկար
ՌԴ Դաշնային խորհրդի անդամը կարծում է, որ Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմն Արցախում կանխում է ռազմական գործողությունների կրկնությունն ու խոչընդոտում է խաղաղ բնակիչների հավանական ցեղասպանությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում կօգնի Հայաստանի անվտանգության ապահովմանը նրա ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողվի նախագահ Վիկտոր Բոնդարևը։
«Մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի գծով ու երաշխավորում ենք գործողություններ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, եթե վտանգ սպառանա նրա ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»,-գրել է Բոնդարևն իր տելեգրամ-ալիքում։
Սենատորը հիշեցրել է, որ Հայաստանում է ռուսաստանյան ռազմական բազան։
«Գյումրիի ռուսական ռազմաբազան ասիական տարածաշրջանն արտաքին ագրեսիայից պաշտպանող հենակետ է»,-նշել է նա։
Հանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը 2020 թվականի աշնանը «անգնահատելի ու վճռորոշ» ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար, ու այժմ այնտեղ գտնվող Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմը կանխում է ռազմական գործողությունների կրկնությունն ու խոչընդոտում է խաղաղ բնակիչների հավանական ցեղասպանությունը։
«Ըստ էության, շնորհիվ մեր նախագահի կողմից ընտրված արտաքին քաղաքականության ուղղության, Ռուսաստանը վերադարձրել է պաշտպան երկրի բազմադարյան կարգավիճակը։ Ռուսաստանի ու նրա ղեկավարի հետ հույս են կապում այն ժողովուրդները, որոնց դժբախտություններին ու խնդիրներին միջազգային հանրությունն ուշադրություն չի դարձնում»,-վստահ է սենատորը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով: