ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վերջին օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի 73 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռահրետանային սպառազինության ու զինամթերքի երկու պահեստ: Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ն օրվա ընթացքում խոցել է մեկ ուկրաինական Մի-8 ուղղաթիռ ու երկու անօդաչու թռչող սարք:
ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցրել 12 ուկրաինական ռազմական օբյեկտի:
Կոնաշենկովը ճշտել է, որ «հարվածների հետևանքով ոչնչացվել են ավելի քան 150 ազգայնականներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հինգ կայանք և ութ միավոր զրահատեխնիկա»:
Գեներալը նշել է նաև, որ Յազիկովո բնակավայրի շրջանում «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիր է ոչնչացվել:
Ընդամուր առմամբ հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները Ուկրաինայում ոչնչացրել են 140 ինքնաթիռ ու 106 ուղղաթիռ, ինչպես նաև գրեթե 500 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Գեներալն ավելացրել է, որ ոչնչացվել են նաև 2397 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 261 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, դաշտային հրետանու 1038 հրանոթ ու ականանետ, 2244 հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։