ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախաշեմին Ռուսաստանի հայերի միության ջանքերով ամբողջ Մոսկվայում տեղադրվել են գովազդային վահանակներ՝ հիշեցնելով մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության մասին:
Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ
«1915 թվականի ապրիլի 24-ը սգո օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ։ Մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն», - ասված է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հրապարակմանը կից նաև լուսանկարներ են տեղադրված։
ՌՀՄ-ն հիշեցնում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական։ Նրանք նաև մեջբերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, որ ազգային պատկանելությունից ելնելով զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել։