ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Մի քաղաքացի մոտեցել է հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին ու հայհոյանքներ հնչեցրել:
Տղամարդը սկզբում բարձր ձայնով, գրեթե գոռալով ասում էր, թե՝ «հացադուլը ո՞րն ա», որին հացադուլ անող տղաներից մեկն արձագանքեց՝ ասելով, որ նրա տարիքը հարգելով՝ ոչինչ չի ասի: Սակայն, դրանով ամեն ինչ չավարտվեց:
Ազատության հրապարակում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ տղամարդը ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմել է հացադուլ հայտարարածներին:
«Ոչ սթափ վիճակում գտնվող մի հայրիկ մոտեցավ և հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո միջադեպ ծագեց: Ես կարծում եմ, որ մեր ոստիկանները խնդիրը կկանխեն»,- պատմեց Զոհրաբյանը:
Դեպքի վայրում գտնվողներից մեկն էլ հայտնեց, որ ընդդիմադիրերից մեկն էլ ապտակել է վերոհիշյալ մարդուն: Ոստիկանները բերման են ենթարկել հայհոյանքներ հնչեցնողին և նրան ապտակողին։
Հավելենք, որ քիչ առաջ հացադուլ անող Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին այցելեցին Հայկական կարմիր խաչ ընկերության ներկայացուցիչները: Նրանք հորդորեցին դուրս գալ հացադուլից և ցանկացած պարագայում, եթե կարիք ունենան, կապ հաստատեն իրենց հետ: