Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են․ Փաշինյանը շնորհավորել է եզդիական համայնքին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը մաղթել է, որ տարածաշրջանը խաղաղ և ապահով լինի, դաժան փորձություններն էլ մնան անցյալում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային լեզուն ու մշակութային ավանդույթները: Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են»,- նշել է վարչապետը:
Նա մաղթել է, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի տարածաշրջանը, դաժան փորձությունները մնան անցյալում: