ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
«Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։