Կիևը համաձայնել է Զատկի հրադադարի մասին ՄԱԿ-ի առաջարկին. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ. Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի ղեկավարը քառօրյա «մարդասիրական դադարի» կոչ է արել՝ ապրիլի 20-ից մինչև ուղղափառ Զատկի կիրակի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են Զատկի առիթով հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկին: Տեղեկությունն այսօր հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ Զատկի տոնակատարությունը համընկնում է Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի հարձակման հետ:
Կազմակերպության ղեկավարը քառօրյա «մարդասիրական դադարի» կոչ է արել՝ ապրիլի 20-ից մինչև ուղղափառ Զատկի կիրակի:
«Ուկրաինան միշտ հավատարիմ է եղել ու հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ Մենք հաստատել ենք նաև մեր համաձայնությունը հումանիտար հրադադարի վերաբերյալ առաջարկությանը, որոնք փոխանցվել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ճգնաժամային համակարգող Մարտին Գրիֆիթսի կողմից Ուկրաինա կատարած այցի ժամանակ», - նշված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ հրադադարը թույլ կտա տարհանել մարդկանց առավել վտանգավոր շրջաններից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։