ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցությունները Ուկրաինայի իրադրության կարգավորման և նրա չեզոք, արտադաշինքային ոչ միջուկային կարգավիճակի ապահովման շուրջ: Բանակցությունների օրակարգում են ապառազմականացման և ապազգայնականացման, ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակի վերականգնման հարցերը, ժամանակակից տարածքային իրողությունների ճանաչումը` ներառյալ Ղրիմի ռուսական պատկանելությունը և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը»,-ասել է նա:
Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Ուկրաինան փորձում է ձգձգել Ռուսաստանի հետ բանակցությունները` հրաժարվելով օպերատիվ արձագանքել ռուսական առաջարկներին։
«Ուկրաինացի բանակցողները զբաղվում են, ավաղ, տարիների ընթացքում իրենց համար սովորական դարձած գործով, այն է՝ փորձում են ձգձգել բանակցային գործընթացը` հրաժարվելով կառուցողական մոտեցում ցուցաբերել առաջնահերթ հարցերի շուրջ և երբեմն պարզապես հրաժարվելով օպերատիվ արձագանքել այն նյութերին ու առաջարկություններին, որոնք անում է ռուսական կողմը»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովայի խոսքով` եթե Կիևը ցանկանում է բանակցություններ վարել, ապա պետք է ձեռնամուխ լինի պայմանավորվածությունների իրատեսական տարբերակների որոնմանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։