Խովաևի դերը խաղաղ պայմանագրի նախապատրաստման գործում Երևանին և Բաքվին աջակցելն է. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ (28 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի գլխավոր խնդիրներից է խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցել հայ և ադրբեջանցի գործընկերներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով, նա արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքի մեջ, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, և արդեն համաձայնեցված է նրա այցը Բաքու: Ամսաթվի մասին ավելի ուշ տեղեկություն կհաղորդվի։
«Երկխոսության հիմքը Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներն են, և ընդհանուր առմամբ՝ Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկություններին»,– ասել է նա:
Այս ամենի հետ մեկտեղ Զախարովան նշել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնվում են «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա», որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը տարածաշրջանում և բացել հումանիտար խնդիրների համալիր լուծման իրական հեռանկարները` տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ:
Հետաքրքիր է, որ նման որոշում կայացվել է մյուս համանախագահող երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մերժման պայմաններում, որոնք հրաժարվել են հակամարտության կարգավորման շուրջ աշխատել ՌԴ–ի հետ։ Նման մերժման մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։