ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մի քանի զինծառայողի ծնողներ միացել են Ազատության հրապարակում հացադուլ անող տղաներին` Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին։ Վերջիններս նույնպես 44-օրյայի մասնակից են։
Նրանցից մեկը նշեց` Եռաբլուրից են եկել Ազատության հրապարակ` արտահայտելու իրենց բողոքը։
«Միացել ենք տղաներին, ովքեր մեր որդիների հետ 44-օրյա պատերազմի ժամանակ հավասար կռվել են։ Հրաշալի է, որ այսօր կենդանի տղաներ ունենք, որ կարողանում են պայքարել։ Կոչ ենք անում մեր ազգին, որ վեր կենան։ Հասկանում ենք, որ ամեն ինչ արդեն կորցնում ենք, բայց կարելի է ախորժակը կորցնել, աշխատանքը, բայց ոչ հայրենիքը։ Նիկոլը, իր թիմն ու իրեն աջակցողները պետք է պատժվեն»,- նշեց զոհվածի հայրը։
Մեկ այլ ծնող էլ ասաց, որ պետք է բոլորը գան ու կանգնեն արժանապատիվ հայի կողքին, քանի որ սանտիմետր առ սանտիմետր հանձնվում են հայրենիքի տարբեր հատվածներ։
«Իմ որդին 12-օրվա ծառայող է եղել, բայց առաջին օրվանից առաջնագծում է եղել, կռվել են, արյուն են թափել։ Գեներալներին հարցնում ենք, ասում են՝ իրավունք չունեին տանելու, բայց փաստ է, որ տարել են»,- ընդգծեց նա։
Այսօր ավելի վաղ Ազատության հրապարակում միջադեպ էր տեղի ունեցել։ Մի քաղաքացի մոտեցել է հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուրին և Նվերին ու հայհոյանքներ հնչեցրել: Ընդդիմադիրերից մեկն էլ ապտակել է այդ մարդուն: Ոստիկանները բերման են ենթարկել հայհողին և նրան ապտակողին։ Նվերին և Արթուրին այսօր այցելել են նաև Հայկական կարմիր խաչ ընկերության ներկայացուցիչները։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան իրազեկման քայլերթ է անցկացվել Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։