Հասել ենք արժանապատվության կարմիր գծին. Նվերի խոսքով՝ հացադուլի գնալն ինդիկատոր է

Հացադուլ անող տղաներն Ազատության հրապարակում. Արխիվային լուսանկար
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանը կոչ արեց այսօր երեկոյան Ազատության հրապարակ գնալ, որտեղ հանրային քննարկում է նախատեսված:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եկել է պահը, որ գանք այն գաղափարին, որ երբ հարցը կենսական շահերին է վերաբերում, պետք է անձերից վեր կանգնենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել:
«Հացադուլն ինդիկատոր է, որով չափելու ենք՝ ի վերջո կա՞ անկախության սերնդի այն խումբը, որը պատրաստ է կրիտիկական պահին զգալ, թե որն է իր հանձնառությունը: Հասել ենք արժանապատվության կարմիր գծին, և իրականում մեզ ճանաչողները գիտեն, որ մենք ծայրահեղական չենք, սակայն իրավիճակն է ծայրահեղ»,-ասաց Նվերը:
Նվերն ասաց նաև, որ մի շարք տղաներ են գալիս, որոնք ուզում են միանալ հացադուլին, սակայն նրանց հորդորում է չգնալ նման քայլի:
Նա վստահեցրեց, որ կուսակցություններից որևէ մեկի հատ կապ չունեն: Նվերը կոչ արեց այսօր, ժամը 19:30-ին Ազատության հրապարակ գնալ որտեղ հանրային քննարկում է նախատեսված: Նա հավելեց նաև, թե պահն է, որ ամեն մեկը դուրս գա իր կոմֆորտ զոնայից ու միանա իրենց Ազատության հրապարակում։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամներն այսօր ցերեկը Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։