Հայաստանը և Ռուսաստանը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ռուսաստանի մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակութային համագործակցության հուշագիր է ստորագրվել
Վահրամ Դումանյանը հանդիպել է Օլգա Լյուբիմովայի հետ. անդրադարձ է կատարվել 2022-ին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ռուսաստանի մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակութային համագործակցության հուշագիր է ստորագրվել, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից:
Նշվում է, որ ՌԴ-ում գտնվող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Դումանյանը Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թ.-ին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: Լյուբիմովան առաջարկել է ծրագրի բացումը կազմակերպել 2022 թ. հունիսի 10-ին, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Նա հատկապես կարևորել է միջոցառմանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի մասնակցությունը:

Դումանյանը ողջունել է երկու բարեկամական պետությունների միջև մշակութային համագործակցության ընդլայնումը: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում անցկացնել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:
Լյուբիմովան անդրադարձել է նաև մշակութային կրթության ոլորտում համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես ՌԴ մշակութային բուհերում Հայաստանից դիմորդներ ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Նա առաջարկել է նաև դիտարկել ՀՀ և ՌԴ առաջատար մասնագետների մուլտիմեդիա ցուցահանդեսներ և վարպետության դասեր կազմակերպելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Դումանյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: