Բանակցությունների ելքը կախված է ՌԴ պահանջները հաշվի առնելու՝ Կիևի ցանկությունից. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մարտական գործողությունների շրջաններում հումանիտար բարդ իրավիճակի պատասխանատվությունն ընկած է ուկրաինական աջ արմատական ազգայնական գումարտակների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի հետ բանակցությունների ելքը կախված է Մոսկվայի օրինական պահանջները հաշվի առնելու՝ Կիևի պատրաստակամությունից։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ հաստատվել է ռուսական սկզբունքային դիրքորոշման անփոփոխությունը. բանակցությունների ելքն ամբողջությամբ կախված է մեր օրինական պահանջները հաշվի առնելու՝ Կիևի պատրաստակամությունից»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է` Չավուշօղլուն երախտագիտություն է հայտնել, որ ՌԴ զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն օգնություն են ցուցաբերել Մարիուպոլի մզկիթում պահվող պատանդներին ազատ արձակելու գործում։
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև Ուկրաինայում խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության հնարավոր համատեղ քայլերը:
«Քննարկվել են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների անվտանգության ապահովման ուղղությամբ դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների հնարավոր համատեղ քայլերը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում հայտարարել է, որ մարտական գործողությունների շրջաններում հումանիտար բարդ իրավիճակի պատասխանատվությունն ընկած է ուկրաինական աջ արմատական ազգայնական գումարտակների վրա, որոնք քաղաքացիական բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան և հրաժարվում են օգտվել հումանիտար միջանցքներից, որոնք պարբերաբար տրամադրում են ռուս զինվորականները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։