ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ի Սենատում Ջո Բայդենի գրասենյակի նախկին աշխատակցուհի Տարա Ռիդը մեղադրել է Արևմուտքին կեղծավորության մեջ՝ RT-ի եթերում մեկնաբանելով Ավստրիայի նոր օրենքը՝ կապված RT-ի ու Sputnik-ի հրապարակումների վերահրապարակման հետ:
Ավելի վաղ Ավստրիայում օրենք էր ընդունվել, որը մինչև 50 հազար եվրո տուգանք է նախատեսում RT-ի և Sputnik-ի հրապարակումները տարածելու համար:
«Նրանք խոսում են խոսքի ազատության, ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքներն առաջ մղելու ցանկության մասին, բայց ճնշում են ցանկացած երկխոսություն, ցանկացած բանավեճ։ Գրաքննություն են սահմանում, որոշակի արտահայտությունները որակում են որպես հանցագործություն», - նշել է Ռիդը։
Նրա կարծիքով՝ արևմտյան լսարանին հաստատ դուր չի գա տեղեկատվության նկատմամբ իրավունքի նման սահմանափակումը, երբ մեդիա դաշտում ներկայացված է միայն մեկ տեսակետ՝ արևմտյանը, իսկ մյուս երկրների դիրքորոշումների մասին լռում են։
«Դա հատկապես արդիական է Եվրոպայում, չէ՞ որ Ռուսաստանը նույն մայրցամաքի վրա է»,- ավելացրել է ԱՄՆ-ի նախագահի գրասենյակի նախկին աշխատակցուհին:
Նշենք, որ KommAustria կապի գործերով ավստրիական գերատեսչությունն ապրիլի 14-ից սկսել է իրականացնել RT-ի ու Sputnik-ի հեռարձակումներն արգելելու որոշումը, որը մարտի վերջին ընդունել է երկրի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը): Այն ընդգրկում է այդ ԶԼՄ-ների նյութերի տարածումը հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի, սթրիմինգային հարթակներում և սոցիալական ցանցերում։