ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցում Աֆղանստանի համար պատվիրված ռուսական ուղղաթիռները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ
Պենտագոնը մի քանի տարի առաջ ռուսական Մի-17 ուղղաթիռներ էր պատվիրել աֆղանական բանակի կարիքների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային ռուսական Մի-17 ուղղաթիռներ է մատակարարում, որոնք նախկինում պատվիրել էր աֆղանական բանակի կարիքների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ դեռևս ապրիլի 13-ին ամերիկացիները հայտարարել էին 800 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը տրամադրելու մասին։
«Կիևին կփոխանցվեն տասնյակ հաուբիցներ, հազարավոր հրետանային արկեր, հարյուրավոր զրահամեքենաներ, ինչպես նաև ռուսական արտադրության Մի-17 ուղղաթիռներ, որոնցից հետագայում կգնդակոծվեն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խաղաղ քաղաքները, գուցե նաև Ռուսաստանի տարածքը, ինչպես հայտարարել են Ուկրաինայի որոշ գործիչներ»,-նշել է Զախարովան՝ հավելելով, որ Պենտագոնը ուղղաթիռներն ավելի վաղ պատվիրել էր Աֆղանստանի բանակի համար:
Նշենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն 2012-2013 թթ.-ին պայմանագրեր էին կնքել աֆղանական բանակին Մի-17 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։