ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ը, որը գործում է 2019 թվականից, մինչ օրս մոտ 10.000 թափառող շների ստերջացրել է, կլինիկական այս կամ այն միջամտություն, բուժում իրականացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Սերդանզրկվում են թե՛ էգ, թե՛ արու շները։
«Երևանի քաղաքապետարանը չի կարող հավելյալ միջոցներ ծախսել թափառող շների համար հատուկ կացարաններ հատկացնելու,նրանց սննդով ապահովելու ու խնամելու վրա, դրանք շատ մեծ միջոցներ են ենթադրում, ծախսատար են»,- հայտնեցին վարչությունից։
Բայց գլխավոր խնդիրներից մեկը մնում է շների «միգրացիան» տարբեր մարզերից դեպի Երևան։ Դրանք անվերահսկելի ու անկառավարելի հոսքեր են։
«Շատ հաճախ հարակից մարզերը մեզ հետ զուգահեռ ստերջացման աշխատանքներ չեն իրականացնում ու քանի դեռ այդ երևույթը կա, մենք ունենք լուրջ խնդիր»,- պարզաբանեցին վարչությունից։
Ստերջացված շները կլինիկայից հետո բաց են թողնվում այն տարածքներ, որտեղից նրանց որսացել էին։ Մասնագետները նշում են, որ շատ կարևոր է շներին X կետից որսալ և Y կետը չտանել, քանի որ նրանք էլ ունեն իրենց տարածքները, հակառակ դեպքում կարող են անկանխատեսելի վարքագիծ դրսևորել։
«Հաճախ քաղաքացիները դժգոհում են, որ շատ մեծ շներին որսում ենք, ստերջացնում և այլ տարածք չենք տեղափոխում։ Պետք է շեշտենք, որ դա մեր գործառույթների մեջ չի մտնում։ Մեր նպատակը շներին բուժելն է, կատաղությունից զերծ պահելն ու հետո նույն տարածքներ բաց թողնելը »,- ասում են վարչությունից։
Երբեմն էլ քաղաքացիները բողոքում են, որ ՀՈԱԿ-ից ահազանգով գալիս են ու առանց շան հեռանում` պատճառաբանելով, թե չեն գտել։
«Որոշ դեպքերում շատ բարդ է լինում նշված շանը գտնել, քանի որ հաճախ հարակից տարածքներում թափառում են։ Մեր ռեսուրսներն էլ այնքան շատ չեն, որ մի շան հետքը գտնելու համար մի ամբողջ օր այդտեղ անցկացնենք»,- պարզաբանում են քաղաքապետարանից։
Իհարկե հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ շանը ստիպված են լինում քնեցնել։ Դա այն դեպքում է լինում, երբ շունը հարձակվում է քաղաքացիների վրա, կծում։ Պետք է առկա լինի բժշկի համապատասխան տեղեկանք։ Այդ պարագայում ՀՈԱԿ-ից շանը որսում են, նախատեսված ժամանակով պահում են կլինիկայում, եթե տեսնում են՝ վարքագծի մեջ փոփոխություն չի լինում, անգամ եթե կատաղության դեմ են բուժում, շունը սահմանված կարգով քնեցվում է, քանի որ հասարակության համար դարձել է վտանգավոր։
Որպես կանոն, մարդուն կծելուց հետո ագրեսիայի դեմ բուժված շունը շատ ավելի խաղաղ ու հանգիստ է դառնում։
Պետք է շեշտել, որ երբեմն հասուն մարդիկ, երբեմն էլ երեխաները, դրդում են շանը ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորել, երբ քարերով խփում են, ոտքով հարվածում։
Այս պահին Երևան քաղաքում (իրականությանը մաքսիմալ մոտ ցուցանիշով ) կա 12 000-13 000 շուն, որոնցից մոտ 10 000-ը, ինչպես նշեցինք, արդեն ստերջացվել է։ Պրոցեսը շարունակական է` հաշվի առնելով գյուղից քաղաք շների «միգրացիան»։
Հավելենք, որ մինչև 2018 թվականը թափառող շների խնդրով զբաղվում էր «Յունիգրաֆ-Իքս» թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման ծառայությունը, որը 2009 թվականից անփոփոխ շահել է ծառայության համար հայտարարված մրցույթները։
2018-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով:
Դրան նախորդել էր 2018-ի մայիսին ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ 2016-2018 թվականների ընթացքում ընկերությունը յուրացրել է շուրջ 185 միլիոն դրամ: