ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր և հայտարարել` սյունեցին մնալու և արարելու է Սյունիքում, այստեղ երեխաներ են ծնվելու։ Տեղեկությունը հրապարակվել է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
«Սյունիքը, ինչպես և հազարամյակներ շարունակ, ապացուցում է ու դեռ կապացուցի, որ ոչինչ չի կարող կոտրել իր միասնականությունը, ոգին, սեփական հողում ամուր կանգնելու կամքը»,- ասել է Ղուկասյանը։
Շուռնուխում մարզպետը դիտարկել է կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․170 քմ մակերեսով 13 տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։
Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ և Որոտան
Ղուկասյանը Որոտանում մասնակցել է համայնքային միջոցներով հիմնանորոգված ու բնակելիի վերափոխված շենքում բնակարանամուտի արարողությանը․ այստեղ բնակարան են ստացել 6 ընտանիքներ՝ երեքը՝ Որոտանում բնակվող, երեքը՝ Արցախից տեղահանված։
Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ և Որոտան
Որոտանում Ղուկասյանն այցելել է նաև նոր գործարկվող հացի թխման արտադրամաս, որն այսօրվանից արդեն հաց կառաքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրեր։ Ձեռնարկատերը մարզպետին հավաստիացրել է, որ տեղում թխվող 5 տեսակի հացն ամբողջությամբ կբավարարի գյուղերի պահանջարկը, հետագայում նաև կմեծացվեն արտադրության ծավալները։
Հիշեցնենք` երբ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամեն օր անվճար հաց էր հասցնում այս գյուղեր, մինչև տեղում հաց ունենալու խնդիրը կլուծվեր։ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բնակիչներից մեկը արտադրամաս է հիմնել, իսկ միջգերատեսչական աշխատանքային խումբը ավտոմեքենա է հատկացրել հացն անհրաժեշտ վայրեր հասցնելու համար։