ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության այս փուլում դիտարկում է միայն սովորական սպառազինությունների կիրառման տարբերակը։ Հնդկական India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու մասին հարցին։
Նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանը հատուկ հանձնաժողով է ստեղծել Բուչայի իրադարձությունները հետաքննելու համար։ Նրա խոսքով` հանձնաժողովում ներգրավվել են այն նույն մասնագետները, որոնք հետաքննել են Սիրիայում «Սպիտակ սաղավարտների» հանցագործությունները։
«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, արևմտյան այլ երկրներ մի շատ հետաքրքիր սովորություն ունեն` նրանք նոր լուրեր են թողարկում, երբ կարծում են, որ այդ պատմությունները գաղափարապես օգտակար կլինեն իրենց։ Իսկ երբ նոր փաստեր են հայտնվում, որոնք կասկածի տակ են դնում այդ պատմությունները, կորցնում են հետաքրքրությունը»,– ասել է Լավրովը:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ-ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել է Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում է, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ «դիերը» շարժում են ձեռքերն ու թաքցնում վերջույթները՝ ռազմական տեխնիկայի անիվների տակ չմնալու համար։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի է նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենան անցնում է։
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են:
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։