ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերն ուկրաինացի ազգայնական գրոհայիններին ու օտարերկրյա վարձկաններին, որոնք Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատում են հաստատվել, առաջարկում են հանձնվել Մոսկվայի ժամանակով ժամը 12:00 -ին, դրա համար հատուկ ալգորիթմ է նախատեսված: Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ-ի Հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ,գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Հաշվի առնելով «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում ստեղծված աղետալի վիճակը, ինչպես նաև առաջնորդվելով զուտ մարդասիրական սկզբունքներով, Ռուսաստանի Զինված ուժերը հերթական անգամ առաջարկում են ազգայնական գումարտակների գրոհայիններին և օտարերկրյա վարձկաններին 2022 թվականի ապրիլի 19-ի ժամը 12:00-ից դադարեցնել ցանկացած մարտական գործողություն ու վայր դնել զենքը», - ասել է Միզինցևը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ զենքը վայր դրած բոլոր մարդկանց կյանքին վտանգ չի սպառնա։
Մեզենցևը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ից անընդմեջ կապ կհաստատվի ռուսական և ուկրաինական կողմերի միջև տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար: Կես ժամ անց լռության ռեժիմ կհայտարարվի ինչպես ազգայնական գումարտակների ու օտարերկրյա վարձկան զինյալների, այնպես էլ ՌԴ ու ԴԺՀ դաշնակից ուժերի կողմից:
«Լռության ռեժիմի փաստացի սկիզբը երկու կողմերի կողմից կնշվի «Ազովստալի» ամբողջ պարագծով դրոշների բարձրացմամբ. ռուսական կողմից՝ կարմիր, ուկրաինական կողմից սպիտակ դրոշներով», – նշել է Միզինցևը:
ՌԴ ՊՆ-ն կոչ է անում Կիևի իշխանությանը խոհեմություն դրսևորել, համապատասխան ցուցումներ տալ գրոհայիններին անիմաստ դիմադրության դադարեցման և դիմադրության օջախից դուրս գալու մասին: Սակայն, հասկանալով, որ նման կարգադրություններ և հրամաններ Կիևի իշխանություններից չեն ստանա, կոչ է անում նրանց ինքնուրույն նման որոշում կայացնել և վայր դնել զենքը։
«Մի խաղացեք ձեր ճակատագրի հետ, այլ ընդունեք մարտական գործողությունների դադարեցման միակ ճիշտ որոշումը և վայր դրեք զենքն արդեն հիմա, որքան էլ ձեր «կուրատորները» չպարտադրեն կռվել նացիզմի գաղափարների համար։ ՌԴ-ն ձեզանից յուրաքանչյուրին երաշխավորում է կյանքի ու ռազմագերիների հետ վարվելու վերաբերյալ Ժնևյան կոնվենցիայի բոլոր նորմերի պահպանումը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների հետ, որոնք նախկինում գերի են հանձնվել Մարիուպոլում», - նշված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Բոլոր կապուղիներով լռության ռեժիմ սահմանելու պատրաստակամության հաստատումից հետո պետք է սկսվի առանց բացառության ուկրաինական զինված ստորաբաժանումների և օտարերկրյա վարձկանների դուրս գալը՝ առանց զենքի ու զինամթերքի: Այդ գործընթացը կտևի երկու ժամ՝ 14.00-ից մինչև 16.00-ն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։