ՌԴ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման նախագծերին

Կողմերը պայմանավորվել են խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ շփումների հաստատումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման նախագծերին, այդ թվում՝ Սյունիքի մարզում և այլ մարզերում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Ըստ հայտարարության՝ Պուտինն ու Փաշինյանը կարևորել են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ:
Մեծ անորոշություն. ապաշրջափակո՞ւմ, թե՞ թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարացում
Կողմերը վերահաստատել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, ողջունել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Նրանք հայտնել են, որ տրամադրված են նոր Էներգաբլոկների կառուցման հարցի մշակմանը։
Որոշվել է շարունակել նպաստել ռուսական ներդրումների ներհոսքին Հայաստան։
«Ընդգծվել է, որ Ռուսաստանի տնտեսվարողները Հայաստանի առանցքային հարկատուների թվում են, ապահովում են զգալի թվով աշխատատեղերի ստեղծում և ընդլայնում են կադրերի մասնագիտական պատրաստման հնարավորությունները», - հավելել են Կրեմլում:
Երկու երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ։ Ընդգծվել է նշված միջոցառումներով պայմանավորված մարտահրավերները միասնաբար հաղթահարելու մտադրությունը, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ ոլորտներում։
Ապաշրջափակման հարցերն են քննարկել Մհեր Գրիգորյանը, Տոյվո Կլաարն ու Անդրեա Վիկտորինը
Փաշինյանն ու Պուտինը հաստատել են, որ կխրախուսեն երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ շփումների հաստատումը:
Հայաստանն ու Ռուսաստանը հանդես են եկել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման, ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման, առանց սահմանափակումների և խոչընդոտների ներքին շուկայի ստեղծման, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացման օգտին:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով: Նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախատեսված են հանդիպումներ նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Փաշինյանը կայցելի նաև Նիժնի Նովգորոդ։