ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Երևան այցելելու հրավերը։ Այս մասին ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ։
«Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Պուտինի կողմից ցուցաբերված ջերմ ընդունելության համար և ՌԴ նախագահին հրավիրել Երևան այցելել՝ տարվա երկրորդ կեսին անցկացվող ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակներում։ Հրավերը սիրով ընդունվել է»,–ասված է համատեղ հայտարարության մեջ։
Պուտինն ու Փաշինյանը վստահություն են հայտնել, որ Մոսկվայում կայացած բանակցությունները կնպաստեն ռուս-հայկական բազմակողմ արտոնյալ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Նշվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը։ Երևանն ու Մոսկվան կարող են ստեղծել մշտական հիմունքներով գործող ռուս-հայկական երկխոսություն հանրության համար, որի առաջին նիստը կարող է անցկացվել 2022 թ–ին` երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով պայմանավորված։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։
Հայաստանի վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: