Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ փոխգործակցությունը

Փաշինյանն ու Պուտինը վստահություն են հայտնել, որ Մոսկվայում կայացած բանակցությունները կնպաստեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են ակտիվացնել փոխգործակցությունը եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի հետ միասին: Այս մասին ասվում է երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության մեջ։
«Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»,–ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականի հարցում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև «կամուրջների կառուցմանը»:
Նման պրակտիկան շարունակվելու է:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: