ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի փորձի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում: Այս մասին ասվում է երկու երկրների առաջնորդների հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ։
«Ընդգծվել է հումանիտար հրատապ խնդիրների շուտափույթ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահանջվածությունը։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործումը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»,–ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները շեշտադրել են անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծումը:
Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման օգտին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ ղարաբաղյան հարցով շփվելուց, հետևաբար կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։