ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ Մոսկվա մեկնելը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Տեղեկությունը հայտնում է «Իրավունք» թերթը։
«Արցախի նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, թե Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ խոսել է արցախյան խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումների մասին, որպեսզի վերջինս ընդունի դրանք ի գիտություն` Մոսկվայում հանդիպումների ընթացքում և Արցախի հարցով 1 մմ անգամ չշեղվի դրանից»,- նշում է թերթը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 19-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրանից զատ ապրիլի 19-20-ը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նշվում է, որ այցի ընթացքում վարչապետը կլինի նաև Նիժնի Նովգորոդում: