Մայիսյան տոներից հետո ծրագրային առաջարկ կներկայացնենք. Ֆալկովը` Դումանյանին

ՀՀ կառավարական պատվիրակության՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել Վահրամ Դումանյանի հանդիպումը Վալերի Ֆալկովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Մայիսյան տոներից հետո ռուսաստանյան կողմը կրթության ոլորտին առնչվող ծրագրային առաջարկ կներկայացնի։ Ռուսաստանում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ի կայքից։
Ֆալկովը կարևորվել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը:
Նա նշել է, որ պատրաստ են տրամադրել ուսումնամեթոդական աջակցություն՝ ըստ առարկաների: Ի պատասխան Դումանյանի նկատառմանն առ այն, որ ՀՀ դպրոցներում դասավանդելու համար անհրաժեշտ է ունենալ մանկավարժի որակավորում, կարևորվել է հատկապես նմանօրինակ համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի մանկավարժական մասնագիտությամբ բուհերում:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Ռուսաստանում իրականացնել մանկավարժական և առարկայական ծրագրեր ռուսերեն և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դումանյանն էլ իր հերթին նշել է, որ 2021 թվականի ապրիլին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայ-ռուսական համալսարանի գործունեության արդիական հարցերը քննարկելու նպատակով:
Դումանյանը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ հայկական կողմը մեկնարկել է համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացը, և շահագրգիռ մարմինների առաջարկությունները և դիտողություններն ամփոփելուց հետո նախագիծը կներկայացվի ռուսաստանյան կողմի փոխհամաձայնեցմանը:
Անդրադարձ է կատարվել նաև ամենամյա հայ-ռուսական երիտասարդական ֆորումի անցկացմանը: Կողմերը համաձայնել են այն կազմակերպել Հայաստանում 2022 թ. երրորդ եռամսյակում:
Հանդիպման ավարտին Դումանյանը Ֆալկովին հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով նաև, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում: