Կեղտաջրերը Արաքս չեն լցվել. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի խնդիրը հսկողության տակ է

Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունը վերահսկողության տակ է պահում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ առաջացած խնդիրը, նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ կոմբինատի քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերը լցվել են Արաքս գետ, ինչի պատճառով վնաս է հասցվել շրջակա միջավայրին։
Գրառմանը կից տեսանյութում երևում է, որ կեղտաջրերը լցվել են ճանապարհի վրա, իսկ լուսանկարում, որ ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող ջրից։
«Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության կենտրոնում։ Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։ Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։ Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից»,– նշում են գերատեսչությունից։
Մաքրման աշխատանքները շարունակվում են։
Անդրադառանլով ԶԼՄ–ներում առկա հրապարակումների այն պնդմանը, թե էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը, ՇՄ նախարարությունից հորդորել են զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։
Փաստի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվութուն։