Հայաստանը և ՌԴ-ն համատեղ կպայքարեն ահաբեկիչների կողմից կիբեռտեխնոլոգիաների կիրառման դեմ

Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարները համաձայնագիր են ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի– Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը մտադիր են համատեղ պայքարել ահաբեկչական նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման դեմ, ինչը նախատեսված է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրով։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրել են ՌԴ-ի և Հայաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը:
«Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները կդառնան, մասնավորապես, այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելը և համակարգումը, տվյալների փոխանակումը՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված իրավախախտումները հայտնաբերելու, կանխելու և հետաքննելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։