ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` նշելով, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ ժամանած Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը։
«Հուշագիրն իրավական հիմքեր է ստեղծում համագործակցելու քրեական արդարության արդյունավետ իրականացմանն առնչվող տեղեկատվության և փորձի փոխանակման, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումները:
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իրակլի Շոթաձեի հանդիպումը (19 ապրիլի, 2022թ)․ Երևան
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև վստահության բարձր աստիճանը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել երկուստեք բարձրացվող՝ իրավական փոխօգնության, հանձնման գործընթացների հետ կապված հարցերը:
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն նշել է, որ հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և քաղաքացիների փոխադարձ այցելությունները դինամիկ աճում են, և Վրաստանը Հայաստանին տարածաշրջանում համարում է կարևոր հենարան:
Շոթաձեն Դավթյանին հրավիրել է մասնակցելու դատախազների միջազգային համաժողովին, որը սեպտեմբերին կայանալու է Թբիլիսիում։
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իրակլի Շոթաձեի հանդիպումը (19 ապրիլի, 2022թ)․ Երևան