Ղրիմից արտահանման մեջ Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցնում

Այս ամառ հայաստանցի երեխաները հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Ղրիմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանը եզրափակում է այն երկրների հնգյակը, ուր ապրանք է արտահանվում Ղրիմից։ Այս մասին Sputnik Արմենիա գործակալության միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ղրիմ-Հայաստան-Բելառուս. փոխադարձ համագործակցության ուղիներ» տեսակամրջի ժամանակ հայտնել է Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
Փոխվարչապետի խոսքով՝ Ղրիմից Հայաստան ապրանքների արտահանման մասնաբաժինը կազմում է 1,5 տոկոս․ այդ թիվն ավելի մեծ է միայն Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի և Ղազախստանի դեպքում:
Ապրիլի սկզբին կայացել է Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան։ Այցի արդյունքներով ստորագրվել է 7 պայմանագիր, որոնցից 5–ը՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Երկու պայմանագիր է կնքվել Հայաստան էլեկտրական սարքավորումների և օրգանական պարարտանյութերի մատակարարման վերաբերյալ։
Հայաստանի և Ղրիմի միջև նախատեսվում է զբոսաշրջային նոր երթուղի բացել
Կիվիկոյի խոսքով՝ հեռանկարում մտադիր են ընդլայնել Ղրիմից Հայաստան եթերային յուղերի արտահանումը։
Մշակվում է նաև «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որը սկսվելու է Հայաստանում և վերջանալու է Ղրիմում։
«Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Նման միջոցառումը ոչ միայն կօգնի պատմությունն ավելի լավ իմանալ, այլև կնպաստի երկու երկրների միջև բարեկամությանը, ժողովրդական դիվանագիտությանը, բարեկամական հարաբերություններին», - ասել է նա։
Ղրիմի փոխվարչապետը նաև հայտնել է, որ հայկական կողմի հետ համատեղ մշակվում է հայ երեխաների հանգստի կազմակերպումը Ղրիմում և ղրիմցի երեխաներինը՝ Հայաստանում:
«Ներկայում ցուցակների փոխանակում է կատարվում, և պայմանավորվում ենք հանգստի շրջանը։ Դա կլինի արդեն այս ամռանը, մենք սպասում ենք Ղրիմի Հանրապետությունում հանգստի եկող մեր բարեկամներին Հայաստանից»,-նշել է Կիվիկոն։
Նա հայտնել է նաև, որ Ղրիմից արտահանման ավելի քան 50 տոկոսը պարենի մասնաբաժինն է: Երկրորդ տեղում քիմիական արդյունաբերությունն է, իսկ երրորդում՝ մեքենաշինությունը։
«Դրանք երեք կետեր են, որոնց վրա հենվում է Ղրիմի Հանրապետության արտահանումը»,-նշել է Ղրիմի փոխվարչապետը:
Տեսակամրջի ընթացքում Ղրիմի տնտեսական զարգացման նախարար Դմիտրի Շերյակոն նշել է, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի և Ղրիմի միջև համագործակցությունն ակտիվորեն զարգանում է։
Ղրիմը պարարտանյութեր կմատակարարի Հայաստանին
Ղրիմի պատվիրակությունն արդեն երկրորդ անգամ է ժամանում Հայաստան։ Ինչպես նշեց Ղրիմի տնտեսական զարգացման նախարարը` 2021 թվականի առաքելության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանին կաթնամթերք մատակարարելու մասին։
Ի դեպ, օրերս Հայաստանի Դիլիջան և Ղրիմի Թեոդոսիա քաղաքները դարձել են քույր քաղաքներ։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են ապրիլի սկզբին՝ Ղրիմի պատվիրակության այցի ընթացքում։
Մայիսի 12-14-ը Հայաստանի ներկայացուցիչները կայցելեն Ղրիմ, որտեղ կմասնակցեն Ալուշտայի տնտեսական ֆորումին և «Ինտուրմարկետ» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Եվպատորիայում: