Եկեք անկեղծ լինենք։ Ուկրաինացի փախստականները, որոնք հայրենիքից հեռացել են ռազմական գործողությունների պատճառով, բողոքելու շատ քիչ տեղ ունեն։ Երևի հիշում եք, որ մի քանի տարի առաջ, երբ Եվրոպան ողողեցին Սիրիայից և աֆրիկյան երկրներից եկած ներգաղթյալները, մայրացամաքի համար կատարյալ աղետ էր։ Տարբեր պետություններ սկսեցին բետոնով ու փշալարերով արգելափակել իրենց սահմանները, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնիսկ հայտարարեց. «Սա իսլամական ներխուժում է»։
Բոլորովին այլ է վերաբերմունքը ուկրաինացի փախստականների հանդեպ։ Նրանցից մեկը պատմում է. «Նոր էինք անցել Լեհաստանի սահմանը, երբ մի երիտասարդ մոտեցավ մեր մեքենային, հարցրեց՝ Ուկրաինայի՞ց եք, և 50 եվրո տվեց։ Հենց այնպես»։
Եվրոպացիներն իրոք ուկրաինացիներին ընդունում են որպես մի ընդհանուր ընտանիքի անդամների։ Սա, իհարկե, իր կոնկրետ պատճառներն ունի։ Նախ, ուկրաինացիները վերջին տարիներին ձևավորել են իրենց համայնքը, որն անդամների թվով երրորդն է մարոկոցիներից և թուրքերից հետո։ Պլյուս դրան՝ Ուկրաինայի քաղաքացիներին դեռ 5 տարի առաջ շնորհվել է առանց վիզայի Եվրամիություն մտնելու արտոնությունը, որի մասին, մենք` հայաստանցիներս, արդեն չենք էլ երազում։
Իսկ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը այսպես է հիմնավորել բարյացակամ վերաբերմունքը ուկրաինացիների հանդեպ. «Նրանք խելոք ու կրթված մարդիկ են։ Բոլորովին նման չեն փախստականի` մեր իմացած կերպարին։ Որովհետև առաջ գալիս էին մարդիկ, որոնց ինքնությունը պարզ չէր, անցյալն անհայտ էր, և որոնք նախկինում կարող էին նույնիսկ ահաբեկիչներ լինել»։
Այս տարբերակված մոտեցումն, իհարկե, շատերի մոտ է տարակուսանք առաջացնում, որովհետև կողմնակալությունն ակնհայտ է։ Ընդամենը մեկ օրինակ. Մեծ Բրիտանիայի իշխանությունները, որոնք պատրաստակամություն էին հայտնել ընդունելու ուկրաինացիներին, հենց այս օրերին հայտարարել են՝ Աֆրիկայից և Ասիայից ժամանած անօրինական փախստականներին ուղարկելու ենք Ռուանդա։
Այսինքն՝ պատերազմող Սիրիայից ժամանակին հեռացածներին ուզում են արտաքսել Աֆրիկա, մինչդեռ պատերազմող Ուկրաինայից եկածներին Եվրոպայում պատրաստ են պահել մինչև երեք տարի՝ նույնիսկ հրաշալի իմանալով, որ նրանցից շատերն այլևս երբեք տուն չեն վերադառնա։
Ավելին, եթե սիրիացի փախստականները ժամանակին ամեն ինչին համաձայն էին, միայն թե մնային Եվրոպայում, ապա ուկրաինացիները, որոնց Լեհաստանի իշխանություններն առաջարկում են տուն կամ բնակարան տրամադրել գյուղական վայրերում, համառում են և ուզում են անպայման մնալ մեծ քաղաքներում՝ Վարշավայում, Կրակովում, Գդանսկում։
«Գրեմի փերսոնալ» ընկերության գլխավոր տնօրեն Տոմաշ Բոգդևիչը դա այսպես է բացատրում. «Ուկրաինացիները վախենում են, որ Լեհաստանի փոքր քաղաքներում և գյուղերում չկա աշխատանք, չկան ավտոբուսներ, մանկապարտեզներ և նույնիսկ բարեկարգ ճանապարհներ։ Նրանց կարելի է հասկանալ՝ Ուկրաինայում հենց նման իրողության են բախվել։ Բայց ախր մեզ մոտ՝ Լեհաստանում, իրավիճակը բոլորովին այլ է. խոշոր ձեռնարկությունները, պահեստները, տնտեսական գոտիները դուրս են բերված մեծ քաղաքներից և գտնվում են հենց փոքր բնակավայրերում, որտեղ ստեղծված են բոլոր քաղաքակիրթ պայմանները»։
Եվ վերջում` առաջարկում եմ լսել Չեխիայի նախկին վարչապետ Վացլավ Կլաուսին, որն ուկրաինացի փախստականների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի ևս մեկ պատճառ է մատնանշում, իր կարծիքով` բավական կասկածելի պատճառ. «Առաջ Ուկրաինան և ուկրաինացիները եվրոպացիների համակրանքը այնքան էլ չէին վայելում։
Անկեղծ խոստովանեմ, որ միշտ ամաչել եմ, երբ տեսել եմ, թե ինչպես են չեխերը վերաբերվում մեզ մոտ աշխատող ուկրաինացիներին։ Իսկ հիմա բոլորը պարզապես անհուն սիրով են լցված Ուկրաինայի և ուկրաինացիների հանդեպ։
Արդյոք այդ աննախադեպ սերը պարզապես շղարշ չէ՞, որի հետևում թաքնված է «Ռուսաստանի հանդեպ ատելությունը», ինչպես ինձ գրել է մի անծանոթ կին։ Ատելությունը որևէ մեկի նկատմամբ շատ վատ և թույլ դրդապատճառ է այլ մեկին սիրելու համար»,- փաստում է Չեխիայի նախկին վարչապետը՝ եզրափակելով. «Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը չես շտկի սիրո կամ ատելության միջոցով։ Առաջին պլան պետք է մղվեն բանականությունը և սառը իրատեսությունը»։
Երևի չեք առարկի՝ Վացլավ Կլաուսի այս դիտարկումը շատ դժվար է վիճարկել։