ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանը և Ռուսաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները կենսաբանական անվտանգության ոլորտում գործունեության համար, որն ուղղված է Մոսկվայի կամ Երևանի շահերի դեմ։ Այդ մասին նշված է երկու երկրների առաջնորդների հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության մեջ։
«Հաստատվել է, որ 2 պետությունների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրների կողմից կենսանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործելու համար»,–ասված Է հայտարարության տեքստում:
Պետությունների ներքին գործերին միջամտելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման աճի միտման հետ կապված կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել։
«Կողմերը մտահոգություն են հայտնել հակաիրավական և վնասակար գործողություններ կատարելու, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց ինքնիշխանությունը խաթարելու համար ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման աճի միտման առնչությամբ: Ընդգծվել է միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը»,–ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հաստատել են նաև տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում` առաջին հերթին ՄԱԿ-ում միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցությունը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Նա այսօր հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայաստանի վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: