ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Երևանի մի քանի փողոցներ կանվանափոխվեն։ Որոշումն ընդունվեց այսօր`ապրիլի 19–ին, Երևանի ավագանու հերթական նիստում։
Մասնավորապես` Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտին կից Մայիսյան փողոցը կվերանվանվի հայ մեծ դերասան Խորեն Աբրահամյանի պատվին։
Նշենք, որ օրենքը թույլ է տալիս կրկնվող անուններով փողոցները անվանակոչել (Երևանում արդեն իսկ կա Մայիսի 9–ի փողոց):
46 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ նախագիծն ընդունվեց։
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 13–րդ փողոցը կանվանակոչվի Նոր Զմյուռնիա անվամբ։ Միջնորդությունը ներկայացվել է Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
Նշենք, որ Նուբարաշենի կառուցումը կապված է հայ ազգային բարերար Պողոս Նուբար Փաշայի անվան ու գործունեության հետ։ Նրա հայրը` Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Փաշան,ծնվել և կրթություն է ստացել Զմյուռնայում։ Նրանք սերել են 18–րդ դարավերջից Ղարաբաղից Կոնստանդնուպոլիս գաղթած վաճառական Մկրտիչ Նուբարի ճյուղից։
Դեռևս 1926 թվականին Ֆիլադելֆիայում որոշվում է ֆինանսավորել նոր ավանի կառուցումը։ Ծրագրի հիմնական նպատակն էր Հայոց ցեղասպանություն վերապրած հայ ընտանիքների հայրենադարձությունը։ Երբ հանգանակությամբ հավաքված գումարը չի բավականացնում, մնացած գումարը տալիս է Պողոս Նուբար Փաշան, և 1931 թվականից սկսվում է Նուբարաշենի կառուցումը։
49 կողմ , 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ նախագիծն ընդունվեց։
Երևանի Բագրևանդ փողոցից մինչև Թևոսյան փողոց ձգվող ճանապարհահատվածը կանվանակոչվի հայտնի վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի անվամբ։
Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄ–ի սրտանոթային վիրաբուժության զարգացման գործում։ Նա Հայաստանում սրտանոթային վիրաբուժության փոխպատվաստաբանության հիմնադիրն է։ Հենց նա է 1985 թվականին Հայաստանում առաջին անգամ կատարել երիկամի փոխպատվաստման վիրահատություն։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել Սպիտակի երկրաշարժի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ։
49 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ նախագիծն ընդունվեց։