ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Բարձրագույն տեխնոլոգիաների և արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի պաշտոնը տևական ժամանակ թափուր է, կառավարության «կուլիսներում» ասում են, որ «քայլողների» շարքերում այդ պաշտոնին համապատասխան գրագետ, «խելքը գլխին» թեկնածու չկա, գրում է «Փաստ» օրաթերթը։
«Հնարավոր չէ «դրսից» նախարար նշանակել, քանզի, ոլորտից գաղափար ունեցողները կտրուկ հրաժարվում են ինչ-որ կերպ ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել»,–գրում է թերթը։
Նշվում է, որ դա պայմանավորված է ֆինանսական գործոնով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավականին լուրջ եկամուտներ ունեն և չեն ուզում դրանից զրկվեն կամ վարկաբեկվեն այս իշխանության հետ ճանապարհ անցնելով։
«Մի խոսքով, արդյունքում ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս» վիճակում, այսինքն` բարձիթողի վիճակում է մի ոլորտ, որը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից իբր թե համարվում էր տնտեսության «լոկոմոտիվը»»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Վահագն Խաչատուրյանը, որին ԱԺ–ն ՀՀ նախագահ ընտրեց մարտի 3-ին։ Մինչ օրս նախարարի պաշտոնը թափուր է։