Արևմուտքը դավաճանել է Զելենսկուն ու օգտագործել սեփական նպատակների համար. Լավրով

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Ուկրաինայի նախագահն անընդհատ փոխում է իր տեսակետը, ուստի անհնար է նրա արտահայտությունները լուրջ մեկնաբանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Արևմուտքն օգտագործեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սեփական նպատակների համար՝ խրախուսելով Մինսկի բանակցային գործընթացի վերաբերյալ ցանկացած առաջարկ անտեսելու նրա ձգտումը։ India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծքի է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուս նախարարի խոսքով՝ եթե Զելենսկին համագործակցեր ու ձգտեր կատարել Մինսկի համաձայնագրերը, ապա «ճգնաժամը վաղուց լուծված կլիներ»:
«Արևմուտքը դավաճանեց Զելենսկուն։ Կարծում եմ՝ նրանք պարզապես օգտագործեցին նրան Ռուսաստանի դեմ։ Նրանք ամեն ինչ արել են, որ ամրապնդեն նրա՝ ցանկացած առաջարկ անտեսելու ցանկությունը», - ասել է Լավրովը։
Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ չի կարող լրջորեն մեկնաբանել Զելենսկու հայտարարությունները, քանի որ «նա մշտապես փոխում է իր տեսակետը տրամագծորեն հակառակ ուղղություններով»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։