Արցախի ՄԻՊ-ը հացադուլը դադարեցնելու խնդրանքով դիմել է Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ արցախցիների համար թանկ է յուրաքանչյուրի կյանքը և առողջությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հորդորում է 44-օրյա պատերազմի` հացադուլ հայտարարած երկու մասնակիցներին դադարեցնել այն։ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։
Նշենք, որ Ազատության հրապարակում ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ակցիա է սկսել` ի պաշտպանություն Արցախի և ՀՀ–ի։
«Դիմում եմ հացադուլ հայտարարած հայրենակիցներիս՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։ Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։ Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը»,–գրել է Ստեփանյանը։
Նա միաժամանակ առաջարկում է նաև առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:
Ստեփանյանը հուսով է` դրական կարձագանքեն իր խնդրանքին ու առաջարկին:
Հավելենք, որ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նույնպես կոչ է արել երկու տղաներին դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում է՝ երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամներն այսօր ցերեկը Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։