ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ոստիկանության Եղեգնաձորի բաժին ժամը 12։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված, և կան դանակահարված անձինք։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դպրոց մեկնած ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին և տեղում կատարել հետախուզական աշխատանքներ։ Պարզվել է, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ ռումբի որոնման աշխատանքները փրկարարները շարունակում են։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգողին։ Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում։