ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանյան զորամասներից մեկի հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը` ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արցախյան պատերազմի զոհերի ծնողները որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ դատախազություն։
«Մեր որդիները զոհվել են 2020թ–ի հոկտեմբերի 12-ին, Ջուղարլու կոչվող տեղանքում` հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով։ 2022թ–ի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հարցերին պատասխանելիս հնչել են այնպիսի ձևակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ 2020թ–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները սկսել են իրականացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ, ինչպես նաև նրա` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,– ասաց նա։
Ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։ Արդյունքում զոհվել են 3800 զինծառայողներ, անհայտ կորել 100-ից ավելի անձինք, գերեվարվել 500–ից ավելի զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, հաշմանդամ դարձել 11 000-ը։
Այս հիմքով զոհված 19 զինծառայողների ծնողներ դիմում են գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու պահանջով։
«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը մեզ պետք է ընդունի, մեր հարցերին պատասխանի և, բնականաբար, գործին տա ընթացք»,– ասաց Մանասյանը։
Ծնողները նշեցին, որ դատախազին ներկայացրած բողոքը բաց է, ու բոլոր զոհերի ծնողները կարող են միանալ դրան։
Հիշեցնենք` ապրիլի 13–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44–օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության մեջ։
Նա ասել էր, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ։ Փաշինյանն ասել էր` հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև 2018-19թթ–ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։