Որևէ ճնշում չկա, թե Հայոց ցեղասպանությունը պետք է մոռանալ. Հարություն Մարության

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մամուլի ասուլիսի ժամանակ (18 ապրիլի, 2022թ). Երևան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը վստահեցնում է, որ հայ-թուրքական հարաբերություններում զարգացումներին զուգընթաց թանգարանի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դեմ որևէ ճնշում չկա, թե Հայոց ցեղասպանությունը պետք է մոռանալ, ցեղասպանության հարցը մի կողմ թողնել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կսահմանափակի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը թանգարանի գործունեությունը։
«Որպես հետազոտող ես չունեմ նման մտավախություն, քանի որ Հայոց ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության հիմնասյուներից է։ Որևիցե քաղաքական հարց չի բարձրացվել և առ այս պահը ճնշումներ չեմ տեսնում, թե եկեք Ցեղասպանությունը մի կողմ դնենք, մոռանանք կամ չբարդացնենք։ Նման մոտեցում թանգարանի նկատմամբ չկա»,–ասաց Մարությանը։
Նրա խոսքով` ցանկացած պետության ներքին և արտաքին քաղաքականությունը հիմնվում է ինքնության տարրերի իմացության վրա։ Քաղաքագիտական հանրությունը շատ բան կարող է ասել, նրանք իրենց գործն են անում, որը Մարությանը հարգում է։
«Տեսեք, գիտկոմը պետական նպատակային ծրագրեր է իրականացնում, և մենք այս գարնանը մի ծրագիր ներկայացրինք` Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման, ուսումնասիրության և թվային շտեմարան ստեղծելու ուղղությամբ։ Պետպատվեր ձևակերպելու համար կարևոր է, որ պետական կառույցները հավանություն տան և մենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից և ԿԳՄՍՆ–ից ստացանք հավանություն։ Առայժմ որևէ նշույլ չկա թանգարանի նկատմամբ մոտեցման փոփոխության»,–ասաց Մարությանը։
Ինչ վերաբերում է նախորդ տարի այցելությունների քանակին, ապա Մարությանը հայտնեց` 2021-ին թանգարանը 33 000 այցելու է ունեցել, որից 64 տոկոսն օտարերկրացիներ են եղել. մեծ թիվ են կազմում Ռուսաստանից և Եվրոպայից ժամանածները։ Այցելուներից 17-ն էլ ազգությամբ թուրք են եղել։
Գիտաժողով, ցուցադրություններ. Մարությանը նշեց` ապրիլքսանչորսյան ինչ միջոցառումներ կլինեն