Ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չեն կարող որոշել, թե ումն է լինելու Արցախը․ քաղաքագետ

Շուշիի մատույցներում. Արխիվային լուսանկար
Ղարաբաղյան հակամարտության «միջազգայնացումից» հետո դրա կարգավորումը դադարել է Հայաստանի կամ Ադրբեջանի մենաշնորհը լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին Հայաստանում ներքաղաքական մեծ քննարկման առարկա է դարձել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների աղմկահարույց ելույթներն ԱԺ-ի ամբիոնից, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ակնարկները հասարակական քննադատության և պարսավանքի մեծ ալիք են բարձրացրել։ Բավական պատկառելի քաղաքական փորձ ունեցող մարդիկ ավելի ու ավելի են հակված հավատալու, որ իշխանությունը մոտ ապագայում կհանձնի Արցախը։
Օրինակ` բավականին տագնապալի նոտաներ է պարունակում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը։ Նախկին նախարարը Փաշինյանին նախազգուշացնում է` հենց այս փուլում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելը սխալ է։ Նա վստահ է, որ ցանկացած պայմանագիր հիմա կհաստատի Արցախն Ադրբեջանի կազմում։
Միաժամանակ անժամկետ ակցիա է հայտարարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Ակցիայի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց մոբիլիզացնել՝ ընդդեմ Արցախը հանձնելու իշխանության մտադրությունների։
Քաղաքական դիտորդները միաժամանակ կարծում են, որ ներքաղաքական իրավիճակը քիչ ընդհանրություններ ունի բանակցային գործընթացի հետ։
«Ղարաբաղյան հակամարտությունը 30 տարվա ընթացքում միջազգային լուրջ արձագանք է ստացել։ Եվ խնդրի այդ «միջազգայնացումը» մեզ հիմա թույլ չի տալիս ասել, որ Արցախի հետագա պատկանելության հարցը լուծելու են Երևանն ու Բաքուն։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող որոշել՝ Արցախը հանձնել, թե ոչ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։
Նա վստահ է, որ Արցախի ապագան որոշելու են ուժի գլոբալ կենտրոնները, ավելի ճիշտ՝ այն ուժը, որը կկարողանա Հարավային Կովկասում թելադրել իր օրակարգն ու խաղի իր կանոնները։ Բալասանյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Արցախին տիրանալու վտանգը, իհարկե, երբեք չի կարելի անտեսել, բայց հիմա դրա համար նախադրյալներ չկան։ Քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները, իսկ նրանք դեռ երկար ժամանակ կլինեն, Արցախը Բաքվին հանձնելը գրեթե բացառվում է։
«Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման կետը փոքր քաղաքի է նման։ Նրանք բավականին ամուր ու երկար ժամանակով են այնտեղ հաստատվել։ Եվ ճիշտն ասած, չեմ կարծում, որ Ռուսաստանը խաղաղապահներ է մտցրել՝ հետագայում արագ դուրս բերելու նպատակով», - ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել նշաձողն Արցախի կարգավիճակի հարցում, Բալասանյանը ենթադրեց, որ դա իրականում Երևանի արևմտյան գործընկերների պահանջն է: Ընդհանրապես արևմտյան քաղաքական գործիչները վերջին շրջանում ակտիվորեն «գուրգուրում են» ՀՀ ղեկավարությանը։ Օրինակ` վերջերս Գյումրի են այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։ Վերջիններս վարչապետի և կառավարության անդամների հետ Հանրապետության երկրորդ քաղաքում ներկա են գտնվել ոստիկանության նոր պարեկապահակային ծառայության բացմանը։ Ըստ Բալասանյանի՝ ՊՊԾ-ի բացումը ակնհայտորեն այն մակարդակի միջոցառում չէ, որ գրավի երկու բարձրաստիճան դիվանագետների ուշադրությունը։
«Կարելի է ենթադրել, որ Գյումրիում շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվել։ Կարծում եմ՝ Արևմուտքը փորձում է պարզել Ռուսաստանի հնարավոր արձագանքը, ուզում է հասկանալ, թե որքան հեռու կգնա Մոսկվան Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի վերաբերյալ իր մոտեցումներում», - ասաց Բալասանյանը։
Փորձագետը վստահ է, որ նշված «միջազգայնացման» ֆոնին ՀՀ իշխանության, իշխող թիմի պատգամավորների հայտարարություններն Արցախի ապագայի մասին իրականում ոչինչ չեն որոշում։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն ընդամենը բարձրաձայնում են այն, ինչ ուզում է Փաշինյանը։ Արցախյան հարցը վաղուց դադարել է լինել ՀՀ իշխանության մենաշնորհը։
«Իրավիճակը ծայրահեղ է». 44-օրյայի մասնակից երկու երիտասարդներ միացել են Վանեցյանին