ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ոստիկանությունում «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ բազմակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Ա.Ն.-ն։ Ահազանգի հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանությունը հանցավոր խմբավորման անդամների է հայտնաբերել, որոնք սպանություն են ծրագրել, հայտնում է ՀՀ դատախազությունը։
Պարզվել է, որ դեռ 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն ապօրինի կերպով ձեռք բերած զենքով կրակահերթ է արձակել և սպանել Գ.Մ-ին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ հանգուցյալ Գ.Մ-ն հանդիսացել է Ա.Բ-ի որդիների ընկերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա.Ն.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանը հաստատել էր այն, ինչի արդյունքում Ա.Ն.-ն գտնվել է ազատության մեջ:
Պարզվել է, որ Ա.Ն-ն և իր շրջապատի անձինք՝ համոզված լինելով , որ հանգուցյալ Գ.Մ-ի հարազատ Ա.Բ-ի կողմնակիցներն են մահափորձ կատարողները, նախապատրաստել են Ա.Բ-ի սպանությունը:
Ա.Ն-ն հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր։ Խմբավորման անդամները ձեռք են բերել ինքնաձիգներ, ատրճանակներ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, նռնակներ և զրահաբաճկոններ, որոնք թաքցրել են հանցավոր խմբում ներգրավված տարբեր անձանց բնակարաններում և օժանդակ շինություններում:
Բացի այդ, իրենց հանցավոր նպատակն իրագործելու, դրանից հետո որոշակի ժամանակ թաքնվելու, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ-ից մեկնելու համար գումար հայթայթելու նպատակով խմբավորման անդամները, հիշյալ գումարները ավազակային հարձակմամբ կամ բնակարանային գողությունների միջոցով հափշտակելու նպատակով պարզել են մի շարք բնակարաններ, որոնցում սեփականատերերը պահում են առանձնապես խոշոր չափի գումարներ:
Փաստի առթիվ 2022թ. ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին կետով, 223-րդ հոդվածի (հանցավոր համագործակցություն ստեղծելը)1-ին և 3-րդ մասի և 266-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Խմբավորման ղեկավար Ա.Ն-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են՝ խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, ատրճանակ՝ փափշտատուփով ,տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի և այլ դանակներ, հրացանի նմանվող առարկա, նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ («ատմիչկաներ»), 2 թափանցիկ անոթներ՝ սնդիկանման նյութի պարունակությամբ:
Ա.Ն-ի մոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորված 5.6մմ տրամաչափի «Տոզ» տեսակի 9 հատ փամփուշտներով: Մինչ Ա.Ն-ի բնակարանում խուզարկություն սկսելը, մայրը դանակով հարձակվել է ՀՀ ոստիկանության աշխատակցի վրա, փորձել հարվածել գլխին, սակայն ոստիկանության աշխատակցի պաշտպանվելու արդյուքնում հարվածը դիպել է ձեռքին:
Խուզարկություններ են կատարվել նաև հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենայում, ավտոտնակում, ինչի արդյունքում հայտնաբերվել են նռնակներ, պայթուցիչներ, կաթուցիչներ, մահակ, տարբեր տրամաչափի բազմաթիվ փամփուշտներ, 13 բանալի, փական բացելու համար հարմարեցված գործիքներ («ատմիչկաներ»), երկաթյա ձողեր և այլն:
Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և միացվել նախորդիվ նշված քրեական գործին:
Իրավապահ մարմինների համակարգված և կազմակերպված գործողությունների արդյունքում ձերբակալվել են Ա. Ն.-ն և ևս 5 անձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նշվածներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 3-ի, այդ թվում՝ խմբավորման ղեկավար Ա.Ն.-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Մյուս երկու անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդությունները դատարանի որոշումներով մերժվել են։
Ա.Ն.-ի կնոջ՝ Մ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, նա հարցաքննվել է որպես կասկածյալ: