ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ուկրաինացի ազգայնականները որպես «կենդանի վահան» պատանդ են պահում 9 երկրների 6208 քաղաքացիների։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ 18 երկրների ավելի քան 70 նավեր շրջափակված են ուկրաինական նավահանգիստներում։ Սև ծովում նավագնացությունը վտանգավոր է՝ խարիսխներից պոկված ու դրեյֆող ուկրաինական ականների պատճառով։
Միզինցևը հայտնել է նաև, որ Ռուսաստանը մեկ օրում իր տարածք է տարհանել ավելի քան 12 հազար մարդու Ուկրաինայի վտանգավոր շրջաններից, ԴԺՀ-ից ու ԼԺՀ-ից։
Նա ճշտել է, որ հատուկ գործողության մեկնարկից ի վեր տարհանվել է ավելի քան 863 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 158 հազար երեխա։ Ռուսաստանի սահմանը հատել են ավելի քան 114 հազար անձնական ավտոմեքենաներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։