ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենի ամերիկահայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանը կտրուկ դեմ է արտահայտվել միջազգային մրցումներից Ռուսաստանի գեղասահորդների հեռացմանը: Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Հարությունյանի խոսքով՝ այդտեղ ոչ մի լավ բան չկա։ Մարզիչը կարծում է, որ ազգային ֆեդերացիաների և ISU-ի խնդիրն այն է, որ գեղասահորդներին մրցելու հնարավորություն տան` անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում։
«Եթե մրցաշրջանի գլխավոր մեկնարկային փուլում մեդալի հավակնորդներ չկան, դա կորուստ է։ Չնայած ռուսաստանցիները, միևնույն է, ելույթ ունեցան Տալլինում, պարզապես ուրիշ հավաքականների կազմում։ Անգամ ամերիկացի (Իլյա) Մալինինը և կանադացի (Սթիվեն) Գոգոլևը արմատներով Ուրալից են։ Ղազախստանցի (Միխայիլ) Շայդորովը Սոչիում մարզվում է(Ալեքսեյ) Ուրմանովի մոտ, Իսրայելը ներկայացնող Լև Վինոկուրը մարզվում է Մոսկվայում, իսկ Չեխիան ներկայացնող Գեորգի Ռեզնիչենկոն ծնունդով Պետերբուրգից է։ Մարզիչներից շատերը միմյանց հետ ռուսերեն են շփվում»,- ասել է Հարությունյանը։
Ի պատասան այն հարցի, թե արդյոք ISU-ն ականջալուր կլինի՞ մարզիկների և մարզիչների կարծիքին՝ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի հնարավոր ժամանակավոր հեռացման կամ բացառման հարցում, մարզիչն ասել է, որ հիմա «ամեն ինչ խառնել են մի կոկտեյլի մեջ», որից «տհաճ համ է մնում բերանում»։
«Գեղասահորդները պետք է ամենաբարձր մակարդակում մրցելու հնարավորություն ունենան։ Դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»,-ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ Չմշկավազորդների միջազգային միությունը (ISU) Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին մարտի 1-ին Ռուսաստանի գեղասահորդներին զրկել է իր հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանցի գեղասահորդներն այդ պատժամիջոցների պատճառով բաց են թողել Մոնպելյեում ընթացող՝ Գեղասահքի աշխարհի առաջնությունը և Տալլինում ընթացող՝ Աշխարհի պատանեկան առաջնությունը: