ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կազմակերպություններին անհապաղ ազդել Կիևի ռեժիմի վրա՝ Զատկի ժամանակ հնարավոր սադրանքը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Կիևի ռեժիմը մի շարք արևմտյան երկրների աջակցությամբ ավարտում է Զապորոժիեի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումի և Խարկովի մարզերում բազմաթիվ զոհերի հետ հրեշավոր սադրանքների նախապատրաստումը։ Միզինցևը հայտարարել է, որ այս տարածաշրջաններում Զատկի գիշերը (ապրիլի 23-ից 24-ը) ծրագրվում է ականանետերից գնդակոծել ուղղափառ տաճարները՝ հետագայում խաղաղ բնակչության զանգվածային սպանության մեջ ռուս զինծառայողներին մեղադրելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանն օպերատիվ ապացույցների բազա ունի Կիևի կողմից պատրաստվող սարսափելի սադրանքների մասին։
«ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ միջազգային կառույցներին կոչ ենք անում անհապաղ ազդել Կիևի ռեժիմի վրա` բարոյականության և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն անտեսող անմարդկային սադրանքները կանխելու համար»,- ասել է գեներալը։
Միզինցևի խոսքով` այս հրատապ հայտարարությունը ենթակա է անհապաղ հրապարակման և պետք է անհապաղ հասանելի դառնա նշված բոլոր կազմակերպություններին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։