«Փաշինյանը տեղյակ է եղել». Տոնոյանը հայտարարություն է արել սաղավարտների թեմայով

«Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով, ամեն ինչ ասված է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի խնդիրների մասին տեղյակ է եղել։ Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այժմ անազատության մեջ է։
ՀՀ վարչապետն ապրիլի 13-ին Ազգային ժողովում ասել էր, որ սաղավարտի և զրահաբաճկոնի՝ բանակում առկա խնդրի մասին ինքն առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։

«Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը, մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»,- ասվում է Տոնոյանի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել է, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Դատարանը դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։