Փաշինյանը և Միշելը քննարկել են ՀՀ-ին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու հարցը

Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու՝ ԵՄ հանձնառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարևորությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու՝ ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն` ըստ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության, մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: