Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահը քննարկել են խաղաղության պայմանագիրը

ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը` ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Էնդրյու Շոֆերին:
Ինչպես հայտնում են կառավարությունից, վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։
Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով, ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:
Հիշեցնենք` մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Էնդրյու Շոֆերը հանդիպումներ էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։