ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մոսկվայի «Հաղթանակի» թանգարանում երեկ` ապրիլի 17-ին, տեղի է ունեցել «Խուդյակովի երկու ճակատագրերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։
Ֆիլմը նվիրված է Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) 120-ամյա հոբելյանին։
Ֆիլմը նկարահանվել է «Պարտներ Ֆիլմ» կինոստուդիայի և «Ժառանգություն ու առաջընթաց» հիմնադրամի կողմից։ Ռեժիսորներն են՝ Օլեգ Մասարիգինը և Վագա Վարդանյանը, որպես պրոդյուսերներ հանդես են եկել Արթուր Սողոմոնյանն ու Տիգրան Մանասյանը։
Վավերագրական ֆիլմի ցուցադրմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանցը) ծնվել է 1902թ․-ի հունվարի 7-ին։ 1944թ․արժանացել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալի կոչմանը։
Մարշալի անունն են կրում նախկին խորհրդային հանրապետությունների մի շարք քաղաքների փողոցներ, նրա հուշարձաններն են տեղադրված տարբեր վայրերում։ 2005թ․-ից ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանը կրում է Ա․Խանփերյանցի անունը։