Կասկածելի sms-ների հեղինակը ոստիկանությունը չէ. հորդորում են «տուգանքներ» չվճարել

Աղջիկը հեռախոսով. Արխիվային լուսանկար
Խարդախների գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշված է, որ վերջին օրերին քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում հայտնվող կասկածելի հաղորդագրությունների հեղինակը ոստիկանությունը չէ։
Նշենք, որ համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ այն մասին, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը, և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին։

«Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է՝ պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը (cache) և դիտարկչի հավելումները (extension), կամ դիմել համակարգչային մասնագետի։
Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն։