Իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում. Վանեցյան

Վանեցյանը պարզաբանել է, թե ինչու ընդդիմությունը ցած չի դնում խորհրդարանական մանդատները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իշխանափոխությունն իրականացվելու է խոհրդարանում։ Այսօր Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Փողոցի ճնշման տակ իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ խորհրդարանական մանդատները իրենց պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար։
Ինչ վերաբերում է մանդատները վայր դնել-չդնելուն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց.

«Հաշվեք՝ դրել ենք։ Այստեղ ենք` փողոցում, խորհրդարանում չենք, ժողովրդի հետ ենք, կանգնած ենք գետնին, շփվում ենք ամեն օր ժողովրդի հետ։ Ես այլևս չգիտեմ՝ խորհրդարանում ինչ պիտի անեմ։ Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, մի խորհրդարանում, որտեղ ասում են, որ Արցախում բնակվող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ՝ այլևս ինչով պետք է զբաղվեմ»։

Նա նշեց, որ ունեն հստակ գործողությունների պլան, և որ որոշ ժամանակ անց ամենօրյա ռեժիմով տեսանելի կլինի այս բողոքի ակցիայի ու մեկնարկող այլ ակցիաների զարգացումն ու ընթացքը։ Նա համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի լրջագուն փոփոխությունների հասնել։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վանեցյանն իր կողմնակիցներին հրավիրեց Ազատության հրապարակ ու հայտարարեց, որ բողոքի անժամկետ ակցիաներ են սկսում։